BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Պատերազմները, որ բարդացնում են քաղաքացիական պատերազմը Սիրիայում

Պատերազմները, որ բարդացնում են քաղաքացիական պատերազմը Սիրիայում
24.02.2018 | 11:09

Քաղաքացիական պատերազմի 7 տարիներից հետո Սիրիան հիմա ավելի մեծ վտանգի մեջ է այլ պետությունների միջնորդական պատերազմների պատճառով:

Իսրայելն ընդդեմ Իրանի
Հանգստյան օրերին Իսրայելը օդում որսաց իրանական դրոնը, որ իր օդային տարածք էր մտել Հորդանանի վրայով: Իրանն արդեն բավական ժամանակ է` բացահայտ աջակցում է նախագահ Բաշար Ասադին (մեծ մասամբ «Հըզբոլլահի» միջոցով), մինչդեռ Իսրայելը փորձում էր հեռու մնալ սիրիական ՙճահճից՚, գոնե` հրապարակավ: Սակայն իսրայելական օդային տարածքը խախտելուց հետո Իսրայելը ստիպված էր պատասխանել Իրանին և օդային հարձակում գործեց սիրիական ու իրանական մարտական դիրքերի վրա: Սիրիացիները խփեցին իսրայելական կործանիչը (1982-ից հետո դա առաջին խփված կործանիչն էր) և իսրայելցիները շարունակեցին հարվածները: Իսրայելն ու Իրանն այդքան մոտ չեն եղել պատերազմին 2006-ին Իսրայելի ու Հըզբոլլահի պատերազմի ժամանակներից և դա նոր նախադեպ դարձավ Սիրիայում Իսրայելի գործողությունների կարգ սահմանելու համար: 7 տարի անց Սիրիան իր կոնֆլիկտի մեջ է ներքաշում նոր գործող անձանց` նրանց հետ էլ արյան թշնամանքը: Դա անհավանական ու շշմեցնող է, եթե չասենք` որքան վտանգավոր է: Սակայն Սիրիան օգտագործում են ոչ միայն որպես միջազգային ու միջնորդ պետությունների տարածք, այլև` տեղական պետությունների տարածք: Օրինակ` Թուրքիան: Սիրիական պատերազմին Թուրքիան առաջին անգամ միացավ 2015-ի ամռանը` ԻՊ-ի ինքնասպան-ահաբեկչի պայթեցրած ռումբին ի պատասխան սահմանային Սուրուչ քաղաքում: Բայց որ քրդական ուժերը Սիրիայում հաջողությամբ կռվում էին և Ասադի դեմ, և ԻՊ-ի դեմ, ճնշում էր Անկարային: Ոմանք նույնիսկ պնդում են, որ քրդերի առաջխաղացումը դարձավ Թուրքիայի պատերազմի մեջ մտնելու գլխավոր դրդապատճառը: Քրդերը 30 միլիոն մարդ հաշվվող էթնիկ փոքրամասնություն են:

Նրանց մեծ մասն ապրում է Թուրքիայում, Իրանում, Սիրիայում ու Իրաքում: Միլիոնավոր քրդերի համար անկախ պետությունը եղել է վերջնական, բայց անորսալի նպատակ: Թուրքիայում ապրում է ամենամեծաթիվ քուրդ հանրությունը: Եթե որոշ քրդեր որոշել են գործել Թուրքիայի ներսում քաղաքական համակարգի միջոցով, մյուսները նախընտրել են բռնության ճանապարհը, որը ղեկավարում է Քրդական աշխատավորական կուսակցությունը: 40 000 մարդ է սպանվել անցած տարիներին քրդերի ու թուրքերի բախումներում: Թուրքիայի կառավարության կարծիքով` քրդերի հաջողությունը Սիրիայում ուժեղացնում է քրդական անջատական շարժումը Թուրքիայում, այդ պատճառով Անկարան հարվածներ հասցրեց քրդերի ջոկատներին Սիրիայում:


ԱՄՆ-ն ընդդեմ Թուրքիայի
Եվ դա հանգեցրեց ԱՄՆ-ի հետ ուղղակի կոնֆլիկտի: Հաշվի առնելով Վաշինգտոնի ևս երկու չավարտված պատերազմները (Իրաքում ու Աֆղանստանում), կարելի է ԱՄՆ-ին հասկանալ, որ սիրիական ծանծաղուտը մտնելուց առաջ կասկածներ կային: Այս պահին Սիրիայում են 2000 ամերիկացի զինվորականներ` ԻՊ-ի դեմ կոալիցիոն պայքարի շրջանակներում: ԱՄՆ-ի ռեալ մասնակցությունը Սիրիայի պատերազմին դաշնային ուժերի 11000-ից ավելի ավիահարվածներն են ԻՊ-ի դիրքերին և հակաԻՊական ուժերի մարզումն ու սպառազինումը: Այդ թվում` Սիրիայի քուրդ աշխարհազորայինների: Վաշինգտոնի աջակցությունը քրդերին վաղուց էր հարուցում Անկարայի նյարդայնությունը, բայց իրավիճակը ճգնաժամային դարձավ, երբ հունվարին ԱՄՆ-ը հայտարարեց, որ մտադիր է օգնել 30000 մարդ տեղակայելու Սիրիայի հյուսիս-արևելյան սահմանին, որի միջուկը քուրդ աշխարհազորայիններն են լինելու: Թուրքիան դա միանգամայն անընդունելի համարեց և սկսեց լայնամասշտաբ ռազմական գործողություն ՙՁիթենու ճյուղ՚ անվանումով (ամենայն հավանականությամբ` անվանումը Անկարան է մտածել): Եվ հանկարծ սառը պատերազմի ավարտից հետո առաջին անգամ ՆԱՏՕ-ի 2 դաշնակիցներ դարձան ուղղակի միջնորդական պատերազմի մասնակիցներ, որի արձագանքները դեռ երկար կհնչեն սիրիական պատերազմի ավարտից հետո էլ:


Ռուսաստանն ընդդեմ ԱՄՆ-ի
Ծայրահեղ դեպքում խառնաշփոթը ՆԱՏՕ-ում պիտի հաճույք պատճառի Մոսկվայում: Բայց Մոսկվան նույնքան ուրախանալ չի կարող սիրիական պատերազմի հետևանքներից իր անձնակազմի վրա: Ռուսաստանը Սիրիայի պատերազմ մտավ, որ աջակցի Մոսկվայի վաղեմի դաշնակից Ասադին: Սիրիան ռազմավարական կարևոր տարածք է Ռուսաստանի համար` այստեղ է ՌԴ միակ արտասահմանյան ռազմածովային բազան` Միջերկրական ծով մուտքով: Իրանի հետ միասին Ռուսաստանն ամրապնդեց Ասադի դիրքերը երկրում և հընթացս ամրապնդեց Մերձավոր Արևելքում լուրջ խաղացողի իր դիրքերը: Մեկ ամսից Ռուսաստանում նախագահական ընտրություններ են: Պուտինին աջակցության նշանակալից մասը կապված է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքերը վերականգնելու նրա ունակության հետ: Սիրիան ամենաակնհայտ օրինակն է, որ Պուտինը կարող է բերել: Բայց այս շաբաթ տեղեկություններ տարածվեցին, որ տասնյակ կամ նույնիսկ հարյուրավոր ռուս զինվորներ սպանվել են Դեր Զորում քուրդ-ամերիկյան բազայի վրա հարձակվելու փորձի ժամանակ: Այդ տեղեկությունների հավաստիության մասին հարցին Կրեմլը պատասխանեց, որ խոսքը վարձկանների, ոչ թե ռուսական զինվորականների մասին էր: Ինչ էլ լինի, Սիրիան դարձել է այն տարածքը, որտեղ կարող է լինել սառը պատերազմից հետո ԱՄՆ-ի ու ՌԴ-ի ամենամահացու բախումը:


Սեկուլյարիստները (ՌԴ/ԱՄՆ/ԱՄԷ) ընդդեմ իսլամիստների (Թուրքիա, Իրան, Կատար)
Եթե դուրս գանք այս բոլոր միջնորդական պատերազմներից, Սիրիան դառնում է մանրադիտակ, որ որոշակիացնում է Մերձավոր Արևելքում ծավալված կոնֆլիկտը` սեկուլյարիզմն ընդդեմ իսլամիզմի: Մի կողմից` ուժեր կան, որ մղում են Սիրիային աշխարհիկ զարգացման` ՌԴ, ԱՄՆ, ԱՄԷ, մյուս կողմից` երկրներ կան, որ Սիրիան ձգում են դեպի իսլամիզմ` Թուրքիա, Իրան, Կատար: (Եթե Իրանն ու Թուրքիան գերակայություն են տալիս շիական կամ սուննիական գաղափարախոսությանը, ոչ մեկը դեմ չէ իսլամի աճող ազդեցությանը Սիրիայի քաղաքական համակարգում): Եթե այս խաղացողներից յուրաքանչյուրն իր կոնկրետ քաղաքական շահերն ու միավորումներն ունի, որոնց աջակցում է Սիրիայում, միասին նրանք ներկայացնում են Սիրիայի ապագայի երկու արմատականորեն տարբեր տեսակետներ: Այստեղ գործող անձանց ցանկացած միություն, որ կհաղթի, ոտք է դնելու Սիրիայի ապագայի որոշարկման երկար ճանապարհին այս կամ այն ուղղությամբ:

Յան ԲՐԵՄԵՐ, Time, ԱՄՆ


Հ.Գ. Քրիստոֆ Սիդովը Der Spiegel-ում գրում է, որ Աֆրինում ու Արևելյան Գուտայում այս օրերին սիրիական պատերազմը մոլեգնում է հատուկ ուժով: Երկու շրջաններում էլ մարտերը սկսվել են համարյա միաժամանակ: Պատճառները մի քանիսն են` մարտի 18-ի նախագահական ընտրություններից առաջ Վլադիմիր Պուտինը ցանկանում է ընտրողներին ներկայացնել ևս մեկ հաջողություն սիրիական պատերազմում: Այդ պատճառով սիրիական ու ռուսական բանակները ուժեղացրել են գրոհները Արևելյան Գուտայում: Եթե այդ շրջանները նորից հայտնվեն Ասադի վերահսկողության տակ, պատերազմի սկսվելուց 5 տարի հետո նա կարող է իր իշխանության տակ վերցնել մայրաքաղաքի շրջակա բոլոր տարածքները: Ասադն առայժմ հանդուրժում է Դամասկոսի հարավային ծայրամասում ԻՊ ահաբեկչական խմբավորման ներկայությունը` համարյա ոչ մի գործողություն նրանց դեմ չձեռնարկելով: Ասադի համար բարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակ է` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամենից շատ կցանկանար ընդհանրապես Սիրիայի կոնֆլիկտի հետ կապ չունենալ: Նա նույնիսկ չի կարողանում իրեն ստիպել թեկուզ մեկ թվիթ գրել սիրիական իրադարձությունների վերաբերյալ: Հօգուտ Ասադի է գործում և Թուրքիան` նախագահ Էրդողանը մի քանի տարի Ասադին մարդասպան ու ահաբեկիչ կոչելու ոչ մի հնարավորություն բաց չի թողել, սակայն հիմա, երբ սիրիական վարչակարգը վերջին տարիների ամենաուժեղ ռմբահարումներն է անում, Էրդողանը լռում է: Ոչ միայն դա է վկայում Թուրքիայի ու Ռուսաստանի գաղտնի համաձայնությունը` Անկարան հանդուրժում է Արևելյան Գուտայում ապստամբների վրա հարձակումները, որ իր դաշնակիցներն են: Փոխարենը Մոսկվան ու Դամասկոսը հանդուրժում են թուրքերի ներխուժումը Աֆրին: Ասադն օգտագործում է Թուրքիայի հարձակումը Աֆրինի վրա, որ ներկայանա սիրիական հողի պաշտպան: Քարոզչությունը Դամասկոսում մարտիկներին Աֆրին ուղարկելը ներկայացնում է ինքնապաշտպանություն օսմանյան ներխուժումից: Միաժամանակ` ուշադրությունը շեղում է Արևելյան Գուտայի վրա հարձակումից: Ի դեմս Ասադի, Էրդողանի ու Պուտինի` նվազագույնը երեք մարդ օգուտ են ստանում Սիրիայի արյունահեղությունից` Der Spiegel-ի կարծիքով: Բայց ի՞նչ պիտի աներ Ասադը, որ չհամարվեր արյունահեղությունից օգուտ քաղել, եթե պատերազմը նրան պարտադրել են արտաքին ուժերը` նախ իբրև քաղաքացիական` նույն Էրդողանի մեծ ջանքերով, հետո` ահաբեկչության դեմ` ԻՊ-ի դեմ, հիմա էլ` միջնորդների միջև ու արտաքին ուժերի միջև` առանձին-առանձին: Ասադը մեղավո՞ր է, որ Անկարան ՙգցում է՚ Գուտայում իր դաշնակիցներին: Չպիտի՞ մաքրվի Դամասկոսի տարածքը: Մայրաքաղաքի: Իսկ հետո հերթը կգա Աֆրինին: Եվ` մյուս տարածքներին: Եթե նոր ուժեր ի հայտ չգան ու իրենց հայտը ներկայացնեն սիրիական նավթագազային կարկանդակը կիսելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3236

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ